ԵՐԵՎԱՆ, 24 մարտի- Sputnik. Հայաստանում պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը հնարավոր է բարձրացվի։ Նման առաջարկությամբ այսօր ԱԺ–ում հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավված շարքային ծառայողների համար սահմանային տարիքը 40 տարեկանն է, իսկ ենթասպաների համար`45–ը: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: Ըստ Մարուքյանի՝ դա հնարավորություն կտա մարդկանց Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ոչ թե լքել համայնքները, գնալ արտագնա աշխատանքի, այլ անցնել պայմանագրային զինծառայության:
«Չնայած, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի և կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք: Մենք, բնականաբար, պատրաստակամություն ենք հայտնել առաջարկները քննարկելու և ընդունելու»,-ասաց Մարուքյանը:
Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներն են քննարկել Արմեն Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը
Մարուքյանի խոսքով՝ նման նախաձեռնության հանդես գալու պատճառ է հանդիսացել այն, որ խնդրով իրենց են դիմել պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն ունեն կռվելու փորձ, ֆիզիկական բարձր պատրաստություն, բայց օրենսդրությունն արգելում է նրանց ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ:
ԼՀԿ-ն պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը: Գործող օրենքով բարձրաստիճան զինվորականները կարող են ծառայել մինչև 63 տարեկանը: Նախագծով առաջարկվում է այն դարձնել 65: