ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
2021թ. մարտի 17-ին՝ ժամը 16:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ին, իր կնոջ ներկայությամբ Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկն ապտակել է անչափահաս որդուն՝ երեխային պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ կնոջը՝ հոգեկան ուժեղ տառապանք:
«Երեխային պատճառված մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Երևանում 10–րդ դասարանի աշակերտը 18-ամյա երիտասարդի է դանակահարել
Հիշեցնենք` Facebook–ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը օրերս գրառում էր արել սոցիալական ցանցում և հայտնել, որ իր 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը: Նա նշել էր, որ երեխային տարել է բժշկական կենտրոն՝ էխոսրտագրության հետազոտության: Երեխան վախեցել է ու չի ցանկացել պառկել, ինչի պատճառով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծել։
Երեխայի մայրը հավելել էր, որ բժիշկ Կուրդովը գոռացել է նաև իր վրա: «Ասաց, որ գնամ բոլորին ասեմ, որ իրեն չլսող երեխաների հետ ինքը սենցա վարվում»,- գրել էր օգատատերը։ Գրառման մեկնաբանություններում ծնողը մանրամասնել էր, որ ծեծից հետո երեխայի դեմքին hեմատոմա է առաջացել, իսկ ծեծի պահին ինքը ոչինչ չի արել, որովհետև չի հասկացել, թե ինչի համար է բժիշկը գոռում երեխայի վրա, քաշքշում և հարվածում նրան։
Երևանում մի կին փոքրիկի դաստակները սեղմել է վառվող վառարանին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում