ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հաշմանդամության կարգի փոխարեն ՀՀ կառավարությունն առաջարկում է գնահատել քաղաքացու ֆունկցիոնալության մակարդակը:
Նման փոփոխություն է նախատեսված կառավարության առաջարկով ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով, որն այսօր խորհրդարանում ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ, թե չի ճանաչվում, որոշում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը՝ ներկայիս հաշմանդամության սահմանումով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի փոխարեն: Անձի ֆունկցիոնալության գնահատումը կիրականացվի այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց նախարար Առաքելյանը:
Հաշմանդամ երեխաներին խնամող ծնողների կենսաթոշակները կբարձրանան
Նրա խոսքով` այս մոտեցումը վերցվել է միջազգայնորեն ընդունված մոդելից՝ ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան:
Նախարարի մեկնաբանմամբ` անձի ֆունկցիոնալության գնահատումը թույլ կտա նրան նաև միջավայրի հարմարեցման աջակցություն տրամադրել՝ ներկայիս բացառապես ֆինանսական աջակցության փոխարեն:
«Մինչև նոր կարգավիճակների սահմանումը, այսինքն՝ երբ որ անցում կկատարենք անձի ֆունկցիոնալության գնահատման, հաշմադամության խումբ ունեցող բոլոր անձինք կշարունակեն օգտվել ոչ միայն հաշմանդամության նպաստներից, այլև բոլոր այն արտոնություններից, որոնք այսօրվա կարգավորումներով գործում են»,- ասաց Առաքելյանը:
Նշենք, որ կառավարության առաջարկած փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է