ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ազգային ժողովի պատգամավորները Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեցին Արսեն Մկրտչյանին։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանն ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքները:
Երկրորդ փուլ էին անցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։
«Գաղտնի քվեարկությանը մասնակցել են ԱԺ 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր. Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր»,–ասաց Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր չէր ընտրել: «Իմ քայլը» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ:
Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։