ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հիմա Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Աշնանային շրջանի հիդրոօդերևութաբանական պայմաններն այդքան էլ բարենպաստ չեն եղել, փոխարենը ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները նախորդ տարվա համեմատ նպաստավոր են, և այսօրվա դրությամբ ՀՀ–ում ձնածածկույթը անցյալ տարվա համեմատ բավական շատ է։ Եթե նախորդ տարի Ջերմուկում այս օրերին կար 3 սմ ձնածածկույթ, ապա այսօր` 90 սմ, Ամբերդում նախորդ տարի 9 սմ ձնածածկույթ էր, այժմ` 100 սմ։ Այսինքն` այն հատվածներում, որտեղ ձնածածկույթ կա, նախորդ տարվա համեմատ առնվազն 3-4 անգամ շատ է»,–ասաց Ազիզյանը։
Անդրադառնալով գարնանային ընդհանուր վարարումներին`բանախոսը նշեց, որ այս տարի հանրապետությունում կանխատեսվում է նորմային մոտ ջրաբանական տարի։
«Մարմարիկի և Ազատի ջրամբարներում կանխատեսվում է 100 տոկոս լցվածություն, Ախուրյանի ջրամբարում` 80-85 տոկոս, Արփիի ջրամբարում`65-70, իսկ Ապարանի ջրամբարում` 55-60 տոկոս։ Ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի ջրի մակարդակի 37-42 սմ բարձրացում, իսկ տարեկան կտրվածքով կանխատեսվում է 6-11 սմ բարձրացում»,–ասաց նա։
ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտեց, որ ըստ կանխատեսումների`վարարումներ կլինեն ապրիլի 3–րդ տասնօրյակից մինչև մայիսի առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում։
Ազիզյանի խոսքով`ջրային ռեսուրսների տեսանկյունից Արաքս-Ախուրյան հատվածում խնդիրներ կան, և դրանք կապված են Թուրքիայի կողմից ջրամբարների կառուցման հետ: «Պատահական չէ, որ այսօր Ախուրյանում մենք նախորդ տարվա համեմատ 100 միլիոն խորանարդ մետրով քիչ ջուր ունենք: Թուրքիան 2012 թվականից ջրամբարի շինարարություն է սկսել Արաքս գետի մոտ: Այդ կապակցությամբ ջրային ռեսուրսները 30-40 տոկոսով նվազել են»,- ասաց նա:
Ազիզյանի խոսքով՝ ջրային ռեսուրսների տեսանկյունից լուրջ խնդիր է նաև կլիմայի փոփոխությունը՝ տաքացման տեսքով, որը գրանցվում է 1994 թվականից ի վեր:
«Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը ջրային ռեսուրսների խոցելիությունը նորմի նկատմամբ կնվազի 15 տոկոսով, 2070-ին՝ 20-25 տոկոսով, 2100-ին՝ 35-40 տոկոսով»,- շեշտեց նա:
Նրա խոսքով`Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1900 մ 60 սմ է, այսինքն` 15 սմ–ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին