Վանաձորի ոստիկանները քաղաքացու ավտոմեքենայում նռնակ են հայտնաբերել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մարտի լույս 18-ի գիշերն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։
«Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին բաժին։ Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում հայտնաբերվեց պայթուցիչով նռնակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ վարորդը Երևան քաղաք Անդրանիկի փողոցի բնակիչ է։ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նռնակը գտել է անցած տարի նոյեմբերին՝ մահացած մոր անձնական իրերի մեջ։ Նռնակն ուղարկվել է փորձաքննության։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։