ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ընտրական օրենսգրքի փոփոխություններից պետք է ձեռնպահ մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Խաղի ժամանակ չի կարելի փոխել խաղի կանոնները։ Եթե այդ փոփոխությունները կատարվեն, ամբողջական համամասնական լինեն ցուցակները, նշանակում է` ժողովուրդը ընտրելու է կուսակցության ղեկավարին։ Ղեկավարներն էլ արդեն ընտրելու են պատգամավորներին, ու մարդիկ չեն ընտրելու` իրենց ով է ներկայացնում», – ասաց Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով` օրենսգրքի փոփոխմամբ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ։
«Մենք առաջարկել ենք համամասնական ցուցակը բաց լինի, դրան շատերն են համաձայն, օրինակ` ՀՅԴ–ն։ Թե չէ այսպես մարդիկ չեն իմանա` ով է իրենց պատգամավորը դառնալու, ու կարող է ստացվել, որ մարզերի պատգամավորները երևանաբնակ լինեն։ Ես, օրինակ, Լոռիում եմ ծնվել, բայց Երևանում եմ ապրում, չեմ կարող Վանաձորի բնակչին այնպես ներկայացնել, ինչպես հարկն է», – ասաց պատգամավորը։
Նա համոզված է, որ այս ընտրություններին ուժերից և ոչ մեկը 40%-ից ավելի ձայն չի հավաքելու։ Մարուքյանը ասաց, որ անգամ եթե ընտրական օրենգիրքը փոփոխվի, «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին, սակայն շարունակում է պնդել, որ ժողովուրդը պետք է ինքը ընտրի իր ներկայացուցիչներին` կուսակցապետերի փոխարեն։
Գալիք ընտրությունները չեն կարող անցնել առանց ատելության մթնոլորտի. Դանիելյան