ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Նա հրապարակել է կառավարության հայտարարությունը։
Փաշինյանը 2021թ. մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ էին մուտք եղել ՀՀ նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:
Փաշինյանը չէր ընդունել ՀՀ նախագահի առարկությունները և նույն օրը այդ մասին գրություն էր ուղարկել Արմեն Սարգսյանին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»,– նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։
Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: