ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով։ Այդ երթուղին կգործի մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը և կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից՝ պատասխանելով մեր պաշտոնական հարցմանը։
Ընկերությունից ընդգծում են, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում:
«Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազ է ընդունում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում։ Այդ հատվածում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության մեջ չի մտնում բնական գազի փոխադրման երթուղու պլանավորումը մինչև «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայան», - ասված է պատասխանում:
Ընկերությունից նշում են, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխությունը կապված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման և Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանում բնական գազի պաշարներին, ապա, ըստ հաղորդագրության, դրանք ռազմավարական բնույթ ունեն, օգտագործվում են գազի ստացման և իրացման օրական ու սեզոնային անհավասարությունները կարգավորելու համար, ինչպես նաև վթարների և արտակարգ այլ դեպքերի դեպքում և հաշվարկված չեն նման ծավալներով մատակարարումները ծածկելու համար:
Հիշեցնենք` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն մարտի 17-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով: Ըստ այդ հաղորդագրության` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով։
Վրաստանը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գազի ժամանակավոր մատակարարման հարցը