ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը։
Նշենք, որ այսօր մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպից հետո։
«Մենք նման տեղեկություն չունենք»,–ասաց Մովսիսյանը։
Հիշեցնենք` երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։
Հավելենք, որ երեկ երեկոյան Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, որոնց հանգիստն իմ արարքով խաթարել է։ Արշակյանը գրառման վերջում նշել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։