ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։ Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Նշվում է, որ միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:
Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող, և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ:
«Որպես կարևոր հանգամանք՝ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը»,–նշված է հայտարարության մեջ:
ՄԻՊ–ն ընդգծում է, որ պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք:
Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:
Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:
«Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը»,–ընդգծում է Թաթոյանը:
Հիշեցնենք` երեկ` մարտի 18–ին, լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։
Նշենք, որ համացանցում լայնորեն տարածվում է միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։
Ավելի ուշ ևս մեկ տեսանյութ տարածվեց, որում երևում է, որ Արշակյանը կնոջ հետ սրճարանում ընդմիջում է անում, երբ լրագրողը տեսախցիկը միացրած մոտենում է նրան և հարցեր տալիս։
ԱԱԾ-ն ընդդեմ ԶԼՄ–ների. ո՞րն է ավելի անընդունելի` ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական բռնությունը