ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության` զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական ներկայացրեց փետրվարի 18-ին։
Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը վստահության քվե հայտնեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած կառավարությանը։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին:
Նշենք, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ էր հղել նաև փետրվարի 24-ին։