ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում:
Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։