Պետական պաշտոնյաների կողմից լրագրողների նկատմամբ ոչ պարկեշտ վերաբերմունք է եղել ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների օրոք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։
Նրա խոսքով` հետհեղափոխական Հայաստանում էլ գործընկերների հետ կապված միջադեպերը չեն նվազել, իսկ վերջին շրջանում պարբերական բնույթ են կրում։
«Նորանկախ Հայաստանի պատմության առաջին տարիներին գերակշռում էին բռնությունները, ծեծը, միայն 1994-ին 14 լրատվամիջոցի գործունեություն դադարեցրին, այսօր արդեն լրագրողին ԱԺ-ից դուրս են հրավիրում, չեն հավատարմագրում կամ ասում են` քո լրատվամիջոցի հարցերին չեմ պատասխանում։ Դա ես բարոյական բռնություն եմ համարում»,- ասաց նա։
Խաչատրյանը նույնիսկ դժվարանում է տարանջատել, թե որն է ավելի բիրտ ու անընդունելի` ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական բռնությունը։
Նրան նաև զարմացնում է այն հանգամանքը, որ գործադիրի ղեկավարը, որը մինչ իշխանության գալը երկար տարիներ լրագրողական գործունեությամբ է զբաղվել, որևէ կերպ չի էլ փորձում միջամտել, երբ իր թիմի պաշտոնյաներն են անհարգալից վերաբերմունք ցուցաբերում երիտասարդ լրագրողների հանդեպ, կամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարում են, թե դիմել են ԱԱԾ պետին, որ լրատվամիջոցների հրապարակումներին առավել ուշադրությամբ հետևեն, անհրաժեշտության դեպքում քրեական գործեր հարուցեն։
«Ի՞նչ է նշանակում ԱԱԾ դիմել։ Ցանկացած լրատվամիջոցի ցանկացած պահվածք կարգավորվում է մի շարք օրենքներով, բայց ԱԱԾ դիմելն անհեթեթություն է։ Կա՛մ Անդրանիկ Քոչարյանն օրենսդրությունը չգիտի, կա՛մ իրեն օրենքից վեր է դասում։ Լրագրողների հանդեպ ինքը կարծես թե՛ օրենքներից, թե՛ բարոյական չափանիշներից վեր է դասում»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` երեկ ` մարտի 16-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ դիմել է ԱԱԾ տնօրենին, որպեսզի իշխանության ներկայացուցիչներին վարկաբեկող, նրանց մասին սուտ ինֆորմացիա տարածող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկեն։ Իսկ ճեպազրույցում լրագրողներից մեկին «ֆեյք» ու «մունդռիկ» անվանեց։