ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երևանում կբացվի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Այդ մասին որոշում է ընդունվել Երևանի ավագանու այսօրվա նիստում։
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Facebook-ում գրել է ավագանու որոշման մասին։
«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին», – գրել է նա։
Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը, արձագանքելով գրոսմայստեր Լևոն Արոնյանի` փակված շախմատային դպրոցների մասին մեղադրանքներին, հայտարարել էր, որ նոր դպրոց է բացվելու։
«Խոսվում էր դպրոցների փակման մասին, բայց Երևանի շախմատի ֆեդերացիայի ամիսներ շարունակ գործուն քայլերի և պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչպես նաև քաղաքապետարանի մեր գործընկերների ջանքերի շնորհիվ առաջիկայում կբացվի շախմատի վարպետության բարձրագույն դպրոց, ինչը բացառիկ քայլ է լինելու` Հայաստանին վերադարձնելու շախմատի այն փառքը, որը տասնամյակներ շարունակ ունեցել ենք և, ցավոք, վերջին 5-ից 8 տարիներին չենք ունեցել», – ասել էր նա։
Նշենք, որ 2018-ի 9-ի հունվարին կառավարությունը դադարեցրել էր Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը։