ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, և այդ համատեքստում դրական է գնահատվել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
Փաշինյանն ու Ալիևը բարձր են գնահատել շփման գծում ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:
Հիշեցնենք` Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ զրուցել էին փետրվարի 27-ին՝ ռուսական «Իսկանդերների» շուրջ ծավալված սկանդալից մի քանի օր անց: