ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է` ՌԴ–ն հուսով է, որ Ադրբեջանը միջոցներ կձեռնարկի իրավիճակը շտկելու համար, եթե հաստատվի, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզմի դեպքեր են եղել։
Նա այդ մասին խոսել է` պատասխանելով Քարինտակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի, Շուշիում սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան (Հովհաննես) Թևոսյանի արձանի և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանի ոչնչացմանը վերաբերող հարցին։
«Անթույլատրելի է, երբ անարգում են նրանց հիշատակը, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսաբար պայքարել են նացիզմի դեմ։ Տեղեկությունը ստուգվում է, և եթե հաստատվի, հույս ունենք, որ Ադրբեջանի իշխանությունը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի իրավիճակը շտկելու համար», – ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ջանքերի գնով: