ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության դատախազությունը «ՀԱԼՈ թրաստի» վերաբերյալ հրապարակումն այսօր ուղարկել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Երեկ Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։
24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել էին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
«Հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,– հայտնում է դատախազությունը:
«ՀԱԼՈ թրաստն» արդեն հայտարարություն է տարածել` հերքելով, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները։