ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Ռուսաստանն աստիճանաբար հաղթահարում է կախվածությունը դոլարից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այսօր այս մասին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Օրինակ` ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթով մեր հաշվարկներն աճել են մինչև 74%։ Պլանավորված ավելացնում ենք ազգային արժույթով առևտուրը Չինաստանի և Թուրքիայի հետ», - ասել է նա։
Ստորին պալատի խոսնակը հիշեցրել է նաև, որ փետրվարի վերջին Ռուսաստանը փոխել է Ազգային բարեկեցության հիմնադրամի արժութային կառուցվածքը՝ ներառելով ճապոնական իեն ու չինական յուան։ Ընդ որում, ԱՄՆ դոլարի և եվրոյի մասնաբաժինը նվազել է 45%-ից 35%, ֆունտ ստերլինգինը՝ մնացել 10 տոկոսի մակարդակում։
Ավելի վաղ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան դոլարը Ռուսաստանում մնում է շրջանառության մեջ, սակայն տնտեսության կախվածությունը դրանից պետք է նվազեցնել։
Դաշնային խորհրդի խոսնակը նաև հիշեցրել էր, որ ռուսական ոսկու և արտարժույթի պահուստներն արդեն ավելի քիչ են կախված դոլարից, սակայն կան նաև այլ զգալի փոփոխություններ․ վերջին տասը տարվա ընթացքում ԱՄՆ պետական պարտավորություններում Մոսկվայի ներդրումները կրճատվել են 30 անգամ։
Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ է կրճատել դոլարի դերը ցանկացած հարաբերությունում՝ վերացնելով «կախվածությունը մշտական թշնամական տրամադրված այդ թունավոր աղբյուրից»։