ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ավելացված արժեքի հարկի վճարումները ՀՀ տնտեսվարողներին կվերադարձվեն ոչ թե 3 ամիսը մեկ, այլ ամեն ամիս։
Հարկային օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների նման նախագիծ է առաջարկել ՊԵԿ–ը։ Կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այն այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության նիստում։
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչև 2018թ.–ը ԱԱՀ վերադարձը նախատեսված է իրականացնել 6 ամիսը մեկ։ Բայց 2018թ.–ի վերջին պետության` տնտեսվարողներին ունեցած այդ պարտքը հասել էր 260 մլրդ դրամի։
«Մենք նախ այդ գումարները վերադարձրեցինք տնտեսվարողներին, ապա այս ցիկլը փոխեցինք 3-ամսյա ժամկետով, դա, կարծեմ, 2019թ.–ին էր, և հայտարարեցինք, որ պետք է հասնենք նրան, որ գումարները վերադարձվեն 1-ամսյա կտրվածքով։ Հիմա մենք արդեն մեր խոստմանը համաձայն` անցնում ենք 1-ամսյա վերադարձման փուլին»,– ասաց Փաշինյանը։
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Նրա դիտարկմամբ` օրենքի փոփոխությունը թույլ կտա տնտեսվարողներին հնարավորինս շուտ հետ ստանալ իրենց գումարները և դրանք ներդնել տնտեսության զարգացման մեջ։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը համեմատության համար նշեց, որ 2020թ.–ի առաջին երկու ամիսներին ԱԱՀ գծով վերադարձը կազմել է 18. 518 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում` 21.7 մլրդ դրամ։
Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց առաջարկվող նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։
ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները