2011 թվականի մարտի 11 - ին ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափին տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժը ՝ 9 բալ ուժգնությամբ ։ Տարերային աղետի հետևանքով վթարի ենթարկվեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որն ուղեկցվեց ճառագայթաակտիվ նյութերի արտանետումներով: Կայանի գտնվելու վայրից ստիպված տարահանեցին ավելի քան 80 հազար մարդու:
Ամեն տարի մարտի 11–ին, Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին սգո ակցիաներ են կազմակերպվում։
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և դրա հարուցած ցունամիի հետևանքով զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 18 հազար մարդ: Գրեթե կես միլիոն ճապոնացիներ զրկվել են իրենց տներից։
Հիմա մարդիկ այլևս չեն ապրում այդ գոտում, այլ պարզապես գալիս են այնտեղ, որպեսզի հիշեն իրենց սիրելիներին:
10 տարի անց էլ վթարի հետևանքները դեռ մինչև վերջ չեն վերացել, թեև դրա վրա արդեն միլիոններ են ծախսվել։
Այսօր ամբողջ Ճապոնիան հիշում է ողբերգական իրադարձությունները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։