ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Արցախի անկախության ճանաչումը հայրենասիրական քայլ չէ` քաղաքական հարց է և պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը կա՞ ընդդիմության օրակարգում։
«Արցախի ճանաչման հարցը կապված է այդ պահի քաղաքական նպատակահարմարության հետ։ Եթե մենք այդ քայլն անելով չենք գժտվում մեր բոլոր բարեկամների հետ և չենք մնում մենակ, պետք է ընդունել ուրեմն։ Այսինքն` Արցախի անկախության հարցը մեր օրակարգում է, սակայն դրա լուծումը կապված է պրագմատիզմի հետ»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` Արցախի ճանաչումն էմոցիոնալ ազգային հարց չէ, այլ քաղաքական պրագմատիզմի հարց։ Մանուկյանը նշեց` քանի որ Արցախի հարցի լուծման շարունակության համար պետք է այդ գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ուստի նրանց պետք է ինչ–որ բաներ տեղյակ պահել կամ համաձայնեցնել։
«Մենք միայնակ չենք այս հարցում»,–ասաց Մանուկյանը։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: