ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետը դեռևս շարունակում է պաշտոնավարել: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է այս մասին գրել Facebook—ի իր էջում և բացատրել, թե ինչպես։
Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:
Արա Զոհրաբյանը գրում է, որ այս պարագայում առկա է երկու խնդիր.
1. Զինվորական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված, նախագահի ուժի մեջ մտած հրամանագիրը (եթե այն համարենք վավեր իրավական ակտ) բավարար չէ բարձրաստիճան սպային զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Պետք է հրամանագրին հաջորդի հանձնման-ընդունման գործընթաց, որը պետք է ամփոփվի զինվորական կառավարման մարմնի անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակից հանելու մասին առանձին իրավական ակտով: Միայն այդ պահից կհամարվի զինծառայողի ծառայությունն ավարտված:
«Հիշեցնեմ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հանգամանքը: Վերջինս նախագահի հրամանագրով ազատված է պաշտոնից, սակայն առ այսօր իրականացնում է ԳՇ պետի առաջին տեղակալի լիազորությունները, քանի որ հանձնման-ընդունման գործընթացն ավարտված չէ և համապատասխան ցուցակից հանելու մասին իրավական ակտն ընդունված չէ»,–գրել է նա:
2. ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությամբ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարող է պնդել, որ նախագահի հրամանագիրն առ ոչինչ ակտ է: Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: («Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 2-րդ և 3-րդ մասերը):
«Այս պայմաններում, երբ հանրապետության նախագահն էլ է արձանագրել Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի հետ հրամանագրի առերևույթ հակասությունը և խուսափել է այդ վեճը իրավասու մարմնին՝ Սահմանադրական դատարանին փոխանցելու իր պարտականության կատարումից, ԳՇ պետը և իր անձնակազմը կարող են նաև վստահելով նախագահի հրապարակային մեկնաբանությանը, պնդել նախագահի հրամանագրի առոչինչ լինելը»,–գրել է Զոհրաբյանը:
«Պահանջում եմ Փաշինյանի անհապաղ հրաժարականը». գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով
Նա նշել է, որ նախագահի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը որևէ կապ չունի վերոհիշյալ խնդրի հետ, քանի որ նախագահը պարտավոր էր ստեղծված իրավիճակում դիմել ՍԴ՝ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:
Հետգրության մեջ Արա Զոհրաբյանը նշում է, որ իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացման համար:
Հիշեցնենք` հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով