ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներում հուշարձաններն ամենադաժան կերպով ոչնչացվում են: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Ոչնչացվում է ամեն ինչ, այն ամենն, ինչ հայկական է: Հատուկ դաժանությամբ ոչնչացվում է արցախահայության ու հայ ժողովրդի ներդրման մասին ցանկացած պատմական հիշատակում, այդ թվում՝ երկրորդ աշխարամարտում հայ ժողովրդի մասնակցությունը փաստող ցանկացած հուշակոթող»,- ասաց Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարարի խոսքով` Արցախի օկուպացված տարածքներում հետևողականորեն ոչնչացվում են այն հուշարձանները, որոնք նվիրված են ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակին ու դրանում իրենց ներդրում ունեցած հայ գործիչների հուշարձանները: Վերջին օրերին, Բաբայանի խոսքով, ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թևոսյանի հուշարձանները:
Դեռ արցախյան առաջին պատերազմի տարիներին ոչնչացվել էին Մեծ մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հուշարձանները՝ իրենց հայրենի Չարդախլու գյուղում: Մեծ Թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում»,- պատմեց Բաբայանը:
Նախարարի մեկնաբանմամբ` սա ոչ այնքան հակահայ քարոզչության ու վանդալիզմի դրսևորում է, որքան համամարդկային մարտահրավեր ու ֆաշիզմին սատարելու անթաքույց դրսևորում:
Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ
«Եվ դարձյալ մենք չենք տեսնում համապատասխան ռեակցիա՝ համապատասխան կառույցների կողմից։ Չէ՞ որ ֆաշիզմի դեմ պայքարողների հիշատակի ոչնչացումը դա ֆաշիզմի սատարում է: Սա մի գործընթաց է, որ պետական մակարդակով է իրականացվում և ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ պանթյուրքիզմի դրսևորում է ու ուղղված է բոլոր այն երկրների (և առաջին հերթին` Ռուսաստանի) դեմ, որոնք մասնակցել են երկրորդ աշխարհամարտին»,- Արցախի ԱԳ նախարարը:
Բաբայանը շեշտեց, որ Արցախի ԱԳՆ-ն նամակներով դիմել է բոլոր միջազգային կառույցներին՝ ահազանգելով մարդկության դեմ կատարվող հանցագործության մասին:
Մարտի 4-ին համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները քանդում էին Հովհաննես (Իվան) Թևոսյանի հուշարձանը Շուշի քաղաքում:
Դա, սակայն, հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ ադրբեջանական վանդալիզմի առաջին դեպքը չէր:
2020-ի նոյեմբերին ադրբեջանցի զինծառայողները ոչնչացրել էին Շուշիի Կանաչ մատուռի գմբեթն ու զանգակատունը:
Նոյեմբերի 16-ին պղծել ու մասամբ ավերել էին Մեխակավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ դրա վրա տեղադրված խաչը քանդել էին: Պղծվել էր նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանը:
Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Իսկ պատերազմի օրերին նպատակային կերպով երկու անգամ հրթիռակոծվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Հիշեցնենք, որ Հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։