ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի Մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել հանրապետության նախագահի հրավերով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: