ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։