ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
«ԲՀԿ ղեկավարին հրավեր ուղարկվել է, բայց մնացածը չեմ կարող ասել, թե ինչ զարգացում կլինի»,–ասաց Մակունցը։
Անդրադառնալով վարչապետի և ԼՀԿ–ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի հանդիպումից հետո վերջինիս հայտարարությանը, թե բանակցությունների երկրորդ փուլ է լինելու, ապա Մակունցն առաջարկում է առաջ չգնալ և նախ սպասել այս փուլի արդյունքների արձանագրմանը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ԼՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու հարցը, Մակունցը պատասխանեց` դեռ ճիշտ չէ կոալիցիաների մասին խոսելը, անհրաժեշտ է քայլ–քայլ առաջ գնալ ու արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնության գալ։
Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։