ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։