ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։
Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել թվային կրիչների վրա։
«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։