ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։
Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։
Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։
Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։
Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն 500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։
Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։