Թևան Պողոսյանի դիտարկմամբ` դատավարությունների ընթացքում ցավոք չի քննվում այն հարցը, թե ովքեր են սպանել տասը զոհերին, այլ գործը քննվում է հիմնականում քաղաքական առումով։ Ըստ նրա` այսքան ժամանակ փաստորեն ամեն ինչ ընթանում է այնպիսի հունով, որ մարդկանց մոտ կասկածներ են առաջացնում։
«Այդուհանդերձ այսօր ունենք տասը զոհերի հիշատակը հարգելու պարտավորություն, հուսամ` դա կստիպի, որ որևէ միջադեպ չգրանցվի, իշխանությունները սրացումների չեն գնա ու չենք ունենա բախումնային իրավիճակ, ավելի շատ կգիտակցեն, որ լարելով իրավիճակն ու բախումների տանելով` ոչ մի դրական բան ապագայի համար չեն կառուցի»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։
Պողոսյանի կարծիքով` երբ Մարտի 1-ի գործը քննվում էր նախորդ իշխանությունների ժամանակ, ընդդիմադիրները ասում էին, որ մինչև իշխանափոխություն չլինի, գործը չի բացահայտվի, հիմա գործն արդեն երեք տարի է, ինչ քննվում է իշխանափոխությունից հետո, սակայն դեռ չի բացահայտվել, և հենց սրա մեջ, ըստ նրա, պետք է գտնել բոլոր պատասխանները։
«Նախկինում նույնպես կար պառակտվածություն, երբ միջոցառումներին հանրության մի մասը չէր մասնակցում, բայց և կային դեպքեր, երբ հանրությունը հանդես էր գալիս միասնական դիրքերից։ Ցավոք սրտի, այսօր պառակտվածություն է նկատվում նաև հիշատակման օրերին, որովհետև խոսքը միայն այսօրվա երկու տարբեր ցույցերի մասին չէ, քանզի կան խմբեր, որոնք չեն մասնակցում կողմերից ոչ մեկի միջոցառումներին։ Ուրախ կլինեմ, եթե իշխանությունները մտածեն նաև ապագա սերունդների, այլ ոչ թե միայն իրենց իշխանությունը պահելու մասին»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։
Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն