ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum-ի հետ զրույցում նշել է, որ ինքը բանակի կողքին է։
«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին, և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով կայքի խնդրանքին՝ մեկնաբանել Գլխավոր շտաբի հայտարարությունը։
Հարությունյանը հայտնել է, որ վիրահատության է պատրաստվում։ Խոստացել է մանրամասն խոսել վիրահատությունից հետո։
Նշենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, և նա պատրաստվում է գլխի վիրահատության։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։
Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը փետրվարի 4-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Գեներալն այդ պաշտոնում իր աշխատանքը դիտարկում է որպես հայրենիքին ծառայելու, օգուտ տալու հնարավորություն:
Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։