ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավորներին։
Դատելով նախագահի պաշտնական կայքում հրապարակված լուսանկարներից, հանդիպմանը ներկա են եղել 9 անկախ պատգամավորներից 7-ը` Գոռ Գևորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանն ու Սոֆիա Հովսեփյանը։
2 անկախ պատգամավորներ` Արման Բաբաջանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նախագահի հետ հանդիպմանը չեն մասնակցել։ Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը նախօրեին էր եղել նախագահականում։
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, հանգուցալուծման ուղիների և լարվածության թուլացման վերաբերյալ:
Խորհրդարանականները հանրապետության նախագահին ներկայացրել են ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Դրանից հետո հանրապետության նախագահը հանդիպումների շարք է սկսել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։
Նա հանդիպել է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։