ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. 2021 թվականի մարտի 1-ին, ժամը 16:00–ին հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է ԱԺ–ի պաշտոնական կայքը։
Ըստ կայքում հրապարակված տեղեկատվության՝ այն նվիրված է լինելու 2021 թվականի մարտի 2-ի հերթական նիստերի օրակարգը հաստատելուն։
Օրակարգում ներկա պահին ընդդիմության առաջարկած ռազմական դրության վերացման մասին նախագիծ ներառված չէ։
Հիմնականում նախորդ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերն են` երկրորդ ընթերցմամբ, գումարած` ՀՀ կառավարության առաջարկած մի քանի տնտեսական բնույթի նախագծեր` առաջին ընթերցմամբ։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ, որով առաջարկվում էր քննարկել ՀՀ-ում ռազմական դրության վերացման հարցը։
Խորհրդի նիստը, սակայն, չէր կայացել, քանի որ ո՛չ Ազգային ժողովի նախագահը, ո՛չ էլ «Իմ քայլի» պատգամավորները նիստին չէին ներկայացել։