ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ` մարտի 15-ից ԵՊՀ ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից։
«Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում»,–գրված է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Դրանից հետո կրկին այն երկարաձգվեց։ Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԿԳՄՍ նախարարը պատասխանեց Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի բաց նամակին