ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։
Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։
«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։
Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։