ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքում բանակին ընդվզելու կոչ արեց։
«Բանակը պետք է ընդվզի, և ես կոչ եմ անում, որ ընդվզի։ Ոչ մի անօրինական հրաման բանակը չի կարող կատարել։ Ո՞նց կարող է բանակը ենթարկվել մի հատ ինչ–որ երեկ չէ առաջին օրվա թղթակցին` ոչ մի բան ոչ մի բանից չհասկացող, և բանակի ղեկավարությանը հանում է»,– ասաց Մանուկյանը։
Նա նաև հայտարարեց, որ մինչև վերջ մնում են բանակի հետ, բանակն էլ` ժողովրդի։
Փաշինյանի երկրորդ հենարանը, որն, ըստ Մանուկյանի, դեռ շարունաում է հավատարիմ մնալ նրան, ոստիկանությունն է։ Բայց եթե բանակը կանգնած է, ոստիկանությունը չի կարող «թպրտալ»։
«Ոստիկանությունում բազմաթիվ արժանավոր սպաներ կան, բոլորն էլ դեմ են։ Երբեմն վախենում են, որ իրենց աշխատանքից կհանեն, ոմանք ինքնուրույն են դուրս գալիս»,– ասաց Մանուկյանը` խոստանալով, որ աշխատանքից քաղաքական հայացքների համար հեռացվածները իշխանափոխությունից հետո կվերականգնվեն իրենց աշխատատեղերում։
Փաշինյանի երրորդ` վերջին հենարանը, Մանուկյանի դիտարկմամբ, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունն է։ Այստեղ ևս, նրա բնորոշմամբ` «այնւամենայնիվ, նորմալ մարդիկ կան»։
Մանուկյանը հիշեցրեց, որ իշխող խմբակցությունը տապալել է ԱԺ խորհրդի նիստը` ԱԺ նախագահի գլխավորությամբ չներկայանալով դրան։ Այս իրավիճակը ՀՀ նախկին վարչապետին հիշեցրել է 1988թ–ի Գերագույն խորհրդի նիստը տապալելու փորձը։
«Բայց մենք այդպիսի փորձ ունենք,– ասաց նա,– հատ–հատ բոլորին իրենց տներից հանեցինք, բերեցինք նիստի։ Նույնը կանենք հիմա»։
Անցնցում ու անարյուն իշխանափոխության հասնելու համար Վազգեն Մանուկյանը կարևորեց ժողովրդի մասնակցությունը ընդդիմության զանգվածային նախաձեռնություններին` կոչ անելով ՀՀ քաղաքացիներին ոչ թե հեռուստացույցի առաջ հետևել տեղի ունեցողին, այլ միանալ ու մասնակցել դրան։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։