ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարություն է արել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների: Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ»,–ասել է Ժոզեֆ Սիգելեն։
Նրա խոսքով`հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան
«Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները: Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»,–ընդգծել է նա:
Հիշեցնենք`այսօր ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:
Մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:
«Հակամարտությունը մտել է մի նոր փուլ». Այվազյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին