ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խորհրդարանական համանուն խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ։
Այս մասին նա գրառում է արել իր facebook-յան էջում։
«Քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»,– մեկնաբանում է ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր կեսօրին հայտարարություն էր տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Ավելի ուշ, արձագանքելով այդ հայտարարությանը, վարչապետ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց, որ մինչ այդ որոշում էր կայացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։
Իսկ երեկ` փետրվարի 24–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:
Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով
Հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչման էր արժանացել, ինչպես դրանից 2 օր առաջ հայտարարել էր Փաշինյանը`մարտի դաշտում իր անունը փառքով պսակելու համար։
Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը հաջորդեց «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ ԶԼՄ–ներից մեկին տված նրա մեկնաբանությանը։