ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում կկայացնի զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու մասին։ Այս մասին վարչապետը հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստում` հիշեցնելով, որ 2020թ–ի իր հրապարակած Ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսված է «Զինված ուժերի բարեփոխումների հաստատում և բարեփոխումների մեկնարկ»։
Աշխատանքային խումբը, Փաշինյանի խոսքով, գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարարը։
«Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ` ՌԴ–ի հետ, և համոզված ենք, որ այդ համագործակցությունը կդառնա էլ ավելի արդյունավետ` անվտանգային ոլորտում, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10%-ով»։
Որոշ փորձագետներ Փաշինյանի այս հայտարարությունը որակել էին որպես ՌԴ–ի հետ հարաբերությունները խաթարելու նախադրյալ։