ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` թավիշին վերջ է դրվելու։ Նա նման հայտարարություն արեց այսօր` Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ։
«Ես գիտեի, որ ամենաշատը դա էիք ուզում լսել։ Ժողովուրդն այսօր հավաքվել է, քանի որ գիտեն` պարտության պատճառը ժողովրդին, բանակը թալանածներն են։ Վերջ թավիշին։ Մենք անընդհատ ասում ենք` վերջ թավիշին ու չենք անում, բայց այսօր արդեն կսկսենք»,–ասաց վարչապետը։
Փաշինյանը հավելեց` ժողովրդին թալանածները վերադառնալու հույս չպետք է ունենան։
Նա նշեց, որ հիմա կսկսեն Տիգրան Մեծով երթ անել` ցույց տալով, որ կանգնած ենք բանակի կողքին, բանակն էլ կանգնած է մեր կողքին։
Նշենք, որ այսօր իրար զուգահեռ 2 հանրահավաք է անցկացվում Երևանում։ Հանրապետության հրապարակում հավաքվել են Նիկոլ Փաշինյանի կողմանկիցները, իսկ Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ։ Նրանք շարունակում են պահանջել վարչապետի և կառավարության հրաժարականը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։