ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը կառավարության երրորդ մասնաշենքի հարակից տարածքից բերման է ենթարկել ընդդիմության ակցիայի մասնակից 25 քաղաքացիների։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թե ինչ հիմքով են բերման ենթարկվել քաղաքացիները, ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք:
Ընդդիմադիր գործիչը կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել կառավարության տվյալ մասնաշենքի դիմաց` փակելու շենքի մուտքերն ու թույլ չտալու վարչապետին ներս մտնել։
Ընդդիմությունը յուրահատուկ ակցիա է անցկացնում. բողոքի ակցիա` ոստիկանների մասնակցությամբ
Այսօր նախատեսված ակցիայի փոխարեն նախանշված վայրում շատ քիչ մարդ էր հավաքվել։ Ընդդիմության առաջնորդները ևս չեն եկել։ Ինչպես լրագրողներին պարզաբանեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, իրենց նպատակն է եղել ցույց տալ իշխանությանը, թե ինչպես է նա կառչած իր աթոռից ու ինչ միջոցով է պահում այն։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նա իսկապես հայտարարված ժամին կառավարության առաջին մասնաշենքից ոտքով եկավ երրորդ մասնաշենք, որտեղ նրան դիմավորեց ու ներս ուղեկցեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Քաղաքացիները Փաշինյանին տեսնելով` սկսեցին բղավել նրա ուղղությամբ։ Քիչ անց ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ակցիայի առավել ակտիվ մասնակից քաղաքացիներին։
Նշենք, որ մեկ այլ ակցիա էլ, փետրվարի 22-ին արված հայտարարության համաձայն, նախատեսված է այսօր երեկոյան` ժամը 18:30-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ: