ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Տևական ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը։ Մրցաշարի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը իր անդրանիկ խաղում դարձավ գոլի հեղինակ «Արարատ-Արմենիայի» կազմում։
Երկու ամսից ավելի տևած ձմեռային արձակուրդներից հետո Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան հերթական հանդիպումները։ Առաջատար թիմերը արձակուրդների ընթացքում էականորեն փոփոխել են իրենց կազմերը, և կայացած չորս հանդիպումներից հետո վստահ կարելի է ասել, որ պայքարը չեմպիոնական մրցավազքում և մրցանակային տեղերի համար լինելու է մրցակցային շատ բարձր մակարդակով։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ուժերը չափեց «Փյունիկի» հետ։ Երկու թիմերի կազմերում էլ զգալի փոփոխություններ էին տեղի ունեցել։ Բայց հայ ֆուտբոլասերի համար հետաքրքիր էր ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի դեբյուտը «Արարատ-Արմենիայի» կազմում։ Կարապետյանն առաջին կեսի վերջնամասում, հավասարեցնելով խաղի հաշիվը, հեղինակեց իր առաջին գոլը մեր առաջնություններում։ Հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վբեյմար Անգուլոն, Կարապետյանի փոխանցումից հետո կամային հաղթանակ ապահովեց չեմպիոնին երկրորդ կեսում՝2։1։
Այսօր նաև «Արարատը» Մորի Կոնեի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթանակի է հասել «Ուրարտուի» նկատմամբ։ Նախորդ օրերի ընթացքում էլ գործող գավաթակի «Նոան» խոշոր՝ 4։0 հաշվով առավելության է հասել «Վանի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում «Վանի» դարպասին նշանակվել է մետրանոց երեք հարված, ինչը այնքան էլ հաճախ չի պատահում մեր առաջնությունում։ «Շիրակ»-«Լոռի» մրցավեճում դաշտի տերերը մասնավորապես գոլային պահերով գերազանցել են մրցակցին, բայց գոլ խփել հաջողվել է «Լոռիին», որն էլ հաղթել է 1։0 հաշվով։
Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովից» տեղափոխվեց «Արարատ–Արմենիա»
Առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի՝ փետրվարի 28-ին, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն նաև հետևյալ զույգերը՝ «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու»։