Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` թուրք–իրանական հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում վերջին հարյուր տարվա կտրվածքով արձանագրում են ամենահետաքրքիր շրջափուլը` հաշվի առնելով թե՛ պատմական անցյալը, թե՛ ներկա իրողությունները։ Ըստ նրա` թեև հարաբերությունները պարբերաբար սրվել են, բայց կողմերը խուսափել են ռազմական գործողություններից և երկրորդ` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երկու երկրները բոլոր դեպքերում ունեն ընդհանուր շահեր, որոնք պայմանավորված են քրդական հարցով։
«Թուրքիան և Իրանն ունեն հնարավորություններ` ազդելու մեկմեկու վրա։ Օրինակ` Թուրքիան օգտագործում է Իրանի հյուսիսի, այսպես կոչված, իրանական Ադրբեջանի թուրքալեզու բնակչությանը` տեղում տարածելով պանթյուրքիստական գաղափարախոսություն։ Այնտեղ գործում են թուրքական կազմակերպություններ, որոնք ենթարկվում են Թուրքիային, ինչի դեմ Իրանը հետևողականորեն պայքարում է։ Վերջինս իր հերթին օգտագործում է քրդական գործոնը Թուրքիայի դեմ, բայց երկու երկրներն էլ կարողանում են հավասարակշռել իրենց գործունեությունը, կարողանում են հետ կանգնել, երբ զգում են, որ մոտենում են կարմիր գծին»,– նշեց թուրքագետը։
Սաֆրաստյանի դիտարկմամբ` արցախյան պատերազմում Իրանի պասիվությունը Թուրքիայի հանդեպ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ԱՄՆ–ի կողմից իրանական պատժամիջոցների կիրառման պարագայում Իրանի նկատմամբ ագրեսիվություն չդրսևորեց և նույնիսկ չենթարկվեց Թրամփի վարչակարգին։
«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան
Մյուս կողմից էլ հավանականությունը մեծ է, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան ավելի մեղմ կգտնվի Իրանի նկատմամբ, ուստի թուրք–իրանական հարաբերությունները մոտակա ամիսներին կմտնեն անորոշության փուլ։
«Թուրքիան ջանքեր է գործադրում արցախյան պատերազմում ստացած փոքր առավելությունը օգտագործել ու մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում, և որպես գործիք` առաջադրում է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության պլատֆորմի գաղափարը, որը դեռ 2008 թվականին հնչած առաջարկի շարունակությունն է։ Պլատֆորմն ի սկզբանե ընդգրկում էր ԱՄՆ–ն ՌԴ–ն, Թուրքիան և անդրկովկասյան երեք պետությունները, սակայն դա Թուրքիայի խորամանկ քայլն էր, քանի որ շատ արագ ամերիկացիներին դուրս մղեց տարածաշրջանից»,– նշեց թուրքագետը։
Սաֆրաստյանի տեղեկացմամբ` այժմ թեև Թուրքիայի տարածաշրջանային ծրագրերում իրանական գործոնն արդեն հաշվի է առնվում, սակայն իրանցի հետազոտողների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Թեհրանում շատ լավ հասկանում են պանթյուրքիզմի վտանգը։