ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին։ Այս մասին Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժան կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա վերջին օրերի ձերբակալումներն ապօրինի որակեց։
«Նկատի ունեմ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի ձերբակալումները։ Կան ավելի ծանր հանցագործություններ, ավելի կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են ՀՀ անվտանգությանը։ Բայց իրենք ինչ են անում, կարևորում են ինչ– որ ֆեյք, որն, իբրև, վիրավորել է իշխանություններին, հետո ասում են, որ այդ ֆեյքի էջը կառավարում են Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։ Նրանց ճանաչողները լավ գիտեն, որ դա անհնար է, նրանք ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքը բաց արտահայտեն, ինչը միշտ են արել, նրանք չեն թաքնվել ինչ–որ ֆեյքի հետևում»,–ասաց Վանեցյանը։
Նա հայտարարեց, որ այդ քրեական գործերը շինծու են և համոզմունք հայտնեց, որ շատ շուտով ամեն ինչ կբացահայտվի և մարդիկ ազատ կարձակվեն։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 19–ին, ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։
«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել
ԱԱԾ–ն Բեքարյանի տանը և Սաղաթելյանի աշխատասենյակում խուզարկություններ է կատարել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` նրանց մեղադրվում են ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու և թշնամանք ու ատելություն տարածելու մեջ:
Կատարվում են քննչական գործողություններ։ Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածների փաստաբանները մտադիր են բողոքարկել ձերբակալման մասին որոշումները: Նրանք գործընթացը համարում են քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։
Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:
«Ցավոք, կանխատեսումներն իրականացան». Քոչարյանի գրասենյակը վերահրապարակել է նրա ուղերձը