ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները»,ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։