ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ` անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցին։ Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն գերիների վերադարձի հարցը
Հիշեցնենք, որ Կոպիրկինն այս օրերին հանդիպումներ է ունեցել հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ։ Մասնավորապես, նա հանդիպել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և այլոց հետ։
Գերիների ծնողներին տեղեկացրել են` ինչ փուլում է գործընթացը. Նազելի Բաղդասարյան