ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրեական գործով հերթական նիստն է ընթանում։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Քոչարյանը մասնակցում է նիստին։
Նիստի մեկնարկին գործով մեղադրյալ, ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ կուզեր դռնփակ նիստում քննարկել մի միջնորդություն` կապված Խաչատուրովի առողջական վիճակի մասին։ Իսկ թե ինչի մասին է խոսքը,պաշտպանը չմանրամասնեց։
Նշենք, որ Խաչատուրովն ինքը ներկա չէ նիստին։ Քանի որ առարկություններ չեղան, դատարանն անցավ դռնփակ նիստի։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Դանիբեկյանը մերժել էր Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը:
Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ: