ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայաստանում բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա: Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, բացահայտվել է թմրանյութերի իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից 5-ի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ են առաջադրվել, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Թմրանյութերի իրացման շղթան բացահայտվել է այն բանից հետո, երբ Երևանի բնակիչ` 28-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հետո արդեն պարզվել է, որ վերջինն այն ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը:
Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդն էլ դրանք ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, նա էլ՝ Իրանի քաղաքացուց:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ագարակ քաղաքի բնակիչը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից է դարձրել իր 14-ամյա որդուն: Պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 200 գրամ «Մեթամֆետամին» և 0,5 գրամ քաշով մարիխուանա, իսկ բնակարանի խուզարկությամբ՝ 50 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:
Փոստային առաքանիների մեջ թմրամիջոցներ են եղել. ՊԵԿ–ի բացահայտումը
Քննչական կոմիտեից հայտնում են նաև՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել հայ-իրանական սահմանի մոտ ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է 465 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությամբ բացահայտված բոլոր անձանց, այդ թվում ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել: Իսկ 28-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել