ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հանելուկը վերջապես լուծված է. կորոնավիրուսը կարող էր չղջիկների միջոցով տարածվել Չինաստանի հարավում և Հարավարևելյան Ասիայում, հայտարարել է ԱՀԿ ղեկավարությամբ մասնագետների միջազգային խմբի անդամ, դոկտոր Պիտեր Դասզակը The New York Times-ին տված հարցազրույցում։
«Չղջիկներից կարող էին վարակվել կա՛մ ֆերմաներից մեկի աշխատակիցները, կա՛մ դրա բնակիչները` գորշուկները, կզաքիսները, ջրարջանման շներն ու վիվերները»,-ասել է ԱՀԿ մասնագետը։
New York Times-ի հետ զրույցում Դասզակը նշել է, որ արդյունքների ամփոփման ընթացքում տվյալ տեսության հետ համաձայնել են չինացի գիտնականների և ԱՀԿ առաքելության մասնակիցների մեծամասնությունը։
Միաժամանակ ԱՀԿ մասնագետները քիչ հավանական են համարել կորոնավիրուսի ի հայտ գալը լաբորատորիայից արտահոսքի հետևանքով։
Հայտնի է նաև, որ կորոնավիրուսի ծագման հանգամանքներն ուսումնասիրելու համար Չինաստան ժամանած մասնագետները չեն կարողացել ուսումնասիրել բուժառուների անձնական տվյալները, քանի որ դա փակ տեղեկություն է և Չինաստանի օրենսդրությունն արգելում է օգտվել դրանից։ Բացի այդ, COVID-19-ից առողջացածներից շատերը հրաժարվել են հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառների հետաքննությունը սկսվել է Ուհանում հունվարի 14-ին։ ԱՀԿ ներկայացուցիչների խումբն այցելել է մի շարք վայրեր, որոնց թվում` հիվանդանոցներ, շուկաներ և այլն։ Դրանից հետո մասնագետները եզրակացության են եկել, որ գոյություն ունի վարակի միջանկյալ փոխանցող։
Ուսումնասիրությունները մտադիր են շարունակել։